Ֆագոցիտոզ
From Armenian Medical Info
Ֆագոցիտոզը դա ֆագոցիտար բջջի կողմից մանրէի կամ այլ բջջի կլանման և հետագա քայքայման(մարսման) պրոցեսն է:
Բացի պաշտպանողական ֆունկցիայից ֆագոցիտոզն ունի նաև ֆիզիոլոգիական նշանակություն. օրգանիզմում մահացած և քայքայված բջիջները կլանվում և մարսվում են ֆագոցիտար բջիջների կողմից, իսկ ցածրակարգ կենդանիների մոտ որոնք չունեն մարսողական համակարգ, այն ունի նաև մարսողական նշանակություն:
Տարբերում են երկու տեսակ ֆագոցիտար բջիջներ`
- մակրոֆագեր (մոնոցիտներ, պոլիբլաստներ, հիստոցիտներ, Էնդոթելի և լյարդի Կուֆերյան բջիջներ)
- միկրոֆագեր (գրանուլոցիտներ):
Օրգանիզմ թափանցած մանրէների նկատմամբ ֆագոցիտոզը պատասխանում և տեղային բորբոքային պրոցեսով, առաջանում է բորբոքային օջախ, որին մասնակցում է արյունից թափանցող հակամարմինները, կոմպլեմենտը, լիզոցիմը, լեյկինները և ֆագոցիտները:
Ֆագոցիտոզն ընթանում է մի քանի փուլերով`
- Ֆագոցիտար շարժուն բջիջը մոտենում է մանրէին:
- Մանրէն ադսորբցվում է ֆագոցիտար բջջի մակերեսին:
- Մանրէն կլանվում է:
- Առաջանում է ֆագոսոմ, որը ֆագոցիտար բջջի պոկված թաղանթն է մանրէի հետ միասին: Ֆագոսոմը միանալով բջջի լիզոսոմի հետ առաջացնում է ֆոգոլիզոսոմ:
- Տեղի է ունենում մանրէի ներբջջային ինակտիվացում և լիզոսոմների ֆերմենտների ազդեցությունից ֆերմենտատիվ մարսում:
- Չքայքայված մնացորդային նյութերի հեռացում:
Ֆագոցիտոզն ակտիվացնող նյութերից են օպսոնինները (նորմալ շիճուկի հակամարմինները), լիզոսոմները (ներբջջային գոյացություններ են, պարունակում են մոտ 80 տեսակ ֆերմենտներ, որոնցով իրագործվում է մարսումը):
Եթե ֆագոցիտոզի պրոցեսը ավարտվում է մանրէների մարսումով, այն կոչվում է ավարտված, սակայն երբեմն կլանված մանրէն չի մարսվում, այն մնում է կենսունակ և նույնիսկ կարող է բազմանալ ու կոչվում է անավարտ ֆագոցիտոզ: Ֆագոցիտոզը արտահայտում է օրգանիզմի իմունաբանական վիճակը:
[edit] Տես նաև
Լեյկոցիտը բակտերիա է որսում (վիդեո)
