Յոդ
From Armenian Medical Info
Յոդը (հուն. ιώδης, iodes մանուշակագույն, լատ. Iodum) Մենդելևի քիմիական էլեմենտների պարբերական աղյուսակի 53-րդ էլեմենտն է, դասվում է հալոգեններին: Պարզ նյութը` I2 յոդը, մուգ մանուշակագուն մետաղական փայլով բյուրեղներ է, հեշտությամբ առաջացնում է մանուշակագույն գոլորշի, ունի բնորոշ հոտ:
[edit] Կենսաբանական նշանակությունը
Յոդը դասվում է միկրոէլեմենտներին և ներկա է համարյա բոլոր օրգանիզմներում: Որոշ ծովային ջրիմուռներ կուտակում են մինչև 1% յոդ:
Կենդանիների և մարդու մոտ յոդը մտնում է թիրոիդ հորմոնների կազմի մեջ: Թիրոիդ հորմոնները` թիրոքսինը և տրիյոդթիրոնինը, արտադրվում են վահանագեղձում, օրգանիզմի զարգացման և նյութափոխանակության վրա թողնելով բազմակողմանի ազդեցություն:
Մարդու օրգանիզմում յոդի պարունակությունը կազմում է 12-20 մգ, օրական պահանջարկը` 0.2 մգ: Ռացիոնի մեջ յոդի պակասը կամ բացակայությունը բերում է հետևյալ հիվանդությունների առաջացման`
- Էնդեմիկ զոբ
- Կրետինիզմ
- հիպոթիրիոզ:
Քանի որ որոշ բնակելի տարածքներում հողը յոդ չի պարունակում և այնտեղ աճող բույսերը զուրկ են յոդից, յոդի պակասը լրացվում է յոդացված կերակրի աղի միջոցով:
[edit] Կիրառությունը բժշկության մեջ
Յոդի 5%-անոց սպիրտային լուծույթը օգտագործվում է մաշկի վնասվածքների դեզինֆեկցիայի համար (միայն արտաքին օգտագործման համար), իսկ օրգանիզմում յոդի դեֆիցիտի պայմաններում նշանակվում են յոդի աղեր: Օսլայի և այլ պոլիմերների հետ յոդի միացությունները(Յոդինոլ, Յոքս, Բետադին) ավելի նուրբ ազդեցության անտիսեպտիկներ են:
