Հայաստանում որքա՞ն է ՄԻՎ-վակակակիրների քանակը
From Armenian Medical Info
[edit] Պատասխան
ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության` ՄԻՎ վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարեգրությունը ներկայանում է հետևյալ կերպ՝
- 1988 - ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը. վարակման ուղին` հետերոսեքսուալ ճանապարհ
- 1988 - ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքը
- 1989 - մահվան առաջին գրանցված դեպքը ՁԻԱՀ-ից
- 1990 - թմրամիջոցների ներարկային օգտագործման ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
- 1996 - կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առաջին գրանցված դեպքը
- 2000 - հոմոսեքսուալ ճանապարհով վարակման առաջին գրանցված դեպքը
- 2001 - երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի առաջին գրանցված դեպքերը
- 2001 - ՁԻԱՀ-ից երեխայի մահվան առաջին գրանցված դեպքը
- 2002 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 15%
- 2007 - թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը մոտ 6,8%:
1988թ. մինչև 2009թ. օգոստոսի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 777 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 136-ը` 2008թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 569 մարդ (73,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 208 դեպք (26,8%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2.1%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների 59%-ը 25-39 տարիքային խմբում է:
ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,7%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (41,6%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
| Հետերոսեքսուալ փոխանցման ուղի | 49,7% |
| Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով | 41,6% |
| Հոմոսեքսուալ փոխանցման ուղի | 1,9% |
| Մորից երեխային | 1,9% |
| Արյան միջոցով | 0,3% |
| Անհայտ | 4,6% |
ՄԻԱՎ վարակով հիվանդներից 354-ի մոտ (կին` 83, երեխա` 8) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 83-ի մոտ՝ 2008թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 192 դեպք: Մահացածների թվում կան 30 կին և 3 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (57,4%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97,9%):
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 346 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 44,5%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 10,3%:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
Տվյալները վերցված են ArmAids.am կայքից:
